«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Արդյո՞ք Սարի թաղին ավտոբուս կավելացվի

Արդյո՞ք Սարի թաղին ավտոբուս կավելացվի
25.10.2012 | 17:02

Սարի թաղն սպասարկող 21 համարի ավտոբուսային երթուղին դարձյալ շարունակում է իր որդեգրած` «Ոնց ուզում` անում ենք» քաղաքականությունը, ինչը մեկ բառով կարելի է որակել` ինքնագործունեություն:
Թաղի բնակիչներից (սկսած ամենատարեցներից մինչև ամենափոքր տարիքի երեխան) ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ նշածս 21 համարի ավտոբուսը շաբաթվա հինգ օրն աշխատում է 25 րոպե հաճախականությամբ` մինչև երեկոյան ժամը 9-ը, իսկ շաբաթ-կիրակի օրերին` 35 րոպե հաճախականությամբ (այն էլ լավագույն դեպքում, որովհետև, հատկապես կիրակի օրերին, բնակիչներին սպասարկում են եղած չորս ավտոբուսներից միայն 1-2-ը և ոչ միշտ են «ձգում» մինչև 9-ը): Պատկերացնո՞ւմ եք, «քաղաք» իջած սարիթաղցիների ինչ մեծ բանակ է հավաքվում մշտական կանգառում («Ռոսիա» տոնավաճառի դիմաց), մանավանդ ավտոբուսի վերջին սպասարկման ժամին: Եվ հետո այդ հոծ բազմությունը` ուզած-չուզած պետք է տեղավորվի այդ մեկ ավտոբուսի մեջ, որ չմնա դրսում: Խոսքս չերկարացնելու համար նշեմ, որ այս վիճակից գոհ են մնում միայն վարորդները: Դե, դա էլ բնական է: Բնակիչների դժգոհություններին ու փնթփնթոցներին ի պատասխան` նրանք գրեթե միշտ նույն նախադասությունն են հակադարձում` «գնացե՛ք բողոքեք»:
Բայց ո՞վ կամ ո՞ւմ բողոքի, վերջապես ո՞վ է նրանց լսողը: Սա դեռ ոչինչ, բա որ ավտոբուսներն են անսարք. նրանք այնքան հնամաշ են, իրենց դարն ապրած, որ երկու օր առաջ ոլորաններով բարձրանալիս, հենց թեքության վրա 21-ի ավտոբուսը, լեփ-լեցուն ուղևորներով, կանգ առավ, կարծես շունչը փչեց: ՈՒ հանկարծ առջևից լսվեց տարեց վարորդի բարկացած ձայնը` իջե՛ք: Իջանք և ճանապարհը շարունակեցինք մեկ ուրիշ մեքենայով: Եվ այսպես գրեթե ամեն Աստծո օր...
Դեպքից հետո փորձեցի կապվել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության հետ, փորձել նրան բացատրել, ներկայացնել Սարի թաղի տրանսպորտի խայտառակ վիճակը. չստացվեց: Փոխարենը` զրուցեցի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի հետ: Վարչության պետ Արթուր Գևորգյանը հուսադրեց, հավաստիացրեց, որ ամիսներ առաջ հայտարարած ավտոբուսների բաշխման մրցույթը դեռ չի ավարտվել, այն կավարտվի նոյեմբերին: Մեր հարցին` թե Սարի թաղը նո՞ւյնպես ընդգրկված է մրցութային ծրագրում, վերջինս դրական պատասխանեց. «Մրցույթն ընթացքի մեջ է: Սարի թաղը ծրագրի մեջ է, թաղին անպայման ավտոբուս կավելացվի: Մի փոքր էլ համբերեք»:
Մեզ` Սարի թաղի մշտական և ժամանակավոր բնակիչներիս, մնում է համբերել մինչև նոյեմբեր, մինչև մրցույթի ավարտը: Գուցե բախտներս բերի՞:
Հաշված օրեր են մնացել նոյեմբերին. կդիմանանք, կհամբերենք... սպասում ենք:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 32911

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ